Դատական համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու փակ շղթան պետք է կոտրվի, նոր դատավորներ պետք է հայտնվեն․ դատական համակարգի կողմից ներքին դիմադրություն չեմ տեսնում․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)
Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում, և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դատավորների թվակազմի ավելացմանն ու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հույս ունեն՝ համալրումներով կստանան երազանքների դատական համակարգը։
Նրա խոսքով՝ ՔՊ նախընտրական ծրագրում դատաիրավական համակարգի բարեփոխումների բոլոր ուղղությունները նշված են՝ հնարավոր սահմանադրական փոփոխություններից մինչև կոնկրետ նախաձեռնություններ, որոնք արդեն կան՝ մասնագիտացված դատարանների ստեղծում, հակակոռուպցիոն դատարանի փաթեթ։
Հարցին՝ խախտումներով աշխատած դատավորները ե՞րբ են հեռանալու, ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, Բադասյանն արձագանքեց՝ կարգապահական վարույթները հասանելի են։
Դիտարկմանը, թե Փաշինյանն այդ խոստումը տվել է դեռ 2019-ին, սակայն մինչ օրս որևէ դատավոր չի հեռացվել, Բադասյանն արձագանքեց, որ ԲԴԽ որոշումներով եղել է դատավորների լիազորությունների դադարեցման 2 դեպք, կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ, դատաիրավական բարեփոխումներն ընթանում են։
«Համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, դատավոր դառնալու փակ շղթան պետք է կոտրվի, դատական համակարգում նոր դատավորներ պետք է հայտնվեն։ Փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը»,-ասաց Բադասյանը։
Հարցին՝ դատական համակարգի կողմից ներքին դիմադրություն կա՞, Բադասյանն ասաց․ «Ես այս պահին որևէ ներքին դիմադրություն չեմ տեսնում և դրա պոտենցիալը չեմ տեսնում։ Կոշտ գործելը պետք է իմաստ ունենա, այն դեպքում, երբ օրենքը թույլ է տալիս կոշտ գործել, պետք է կոշտ գործել՝ նպատակին հասնելու համար, բայց դա ինքնանպատակ չէ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին է իր դիրքորոշումը ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժերի պահանջի վերաբերյալ, արդարադատության նախարարի պաշտոնակատարն ասաց՝ ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա։
«Մի պարզ վարժություն կարող ենք անել՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունը կարող ենք կարդալ, տեսնել՝ ինչ գնահատական է տրվում ընտրություններին և համեմատել, օրինակ, 2017-ի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ։ Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող, անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ։ Կարծում եմ՝ մենք պետք է այս ընտրությունների կապակցությամբ իրար շնորհավորենք, սա իշխանության կամ ընդդիմության ձեռքբերումը չէ, մեր բոլորի ձեռքբերումն է»,-ասաց նա։
Հարցին էլ՝ որտեղ է գրված, որ եթե համայնքապետն ընդդիմադիր քաղաքական ուժով է մասնակցել ընտրություններին, պետք է, անպայման, հեռանա, Բադասյանն ասաց՝ Կառավարության քաղաքականության մեջ նման բան չկա։










