«Ես երբևէ չեմ տեսել, որ որևէ հսկիչ վրեժ լուծեր գերմանացուց». Գերմանացի նախկին ռազմագերին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել ԽՍՀՄ-ի վրա հարձակման համար

18:36 • 09.07.21

Գերմանական General-Anzeiger թերթը հրապարակել է սովետական գերության մեջ ապրած վետերան Հենրիխ Շեպեի կոչը, որում նա հայտարարում է հիտլերյան բանակի ռազմական հանցագործությունների համար Ռուսաստանին փոխհատուցում վճարելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Շեպեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Գերմանիան վերջերս պաշտոնապես ճանաչել է հերերո և նամա ցեղերի ցեղասպանությունը Հարավային Աֆրիկայում 20-րդ դարի սկզբին: Այդ ժամանակ սպանվել է շուրջ 75 000 մարդ:

«Իսկ այն փաստը, որ նախկին Խորհրդային Միությունում Գերմանիայի կողմից 1941-1945 թվականներին ռազմական հարձակման հետևանքով ավելի քան 25 միլիոն մարդ է զոհվել, արդյո՞ք դա ցեղասպանություն չէ»,- հարցրել է վետերանը:

Գերմանացին հիշեցրել է, որ Գերմանիան հրեաներին փոխհատուցում է վճարել Հոլոքոստի համար՝ նշելով, որ ինքը  տեղեկություն չունի ռուսներից նույնիսկ ներողություն խնդրելու մասին:

«Ես երախտապարտ եմ ռուսներին պատերազմից հետո և դրա ժամանակ  5 տարի գերության մեջ ապրելու համար, որտեղ ես երբևէ չեմ տեսել, որ որևէ հսկիչ վրեժ լուծեր գերմանացուց», -գրել է Շեպեն:

Նա ընդգծել է, որ գերմանական գերության մեջ ռուսների նկատմամբ ծայրաստիճան դաժան վերաբերմունք է ցուցաբերվել. սովամահ էին անում, ծաղրում էին:  Բացի այդ, գերմանացին հիշեցրել է Հիտլերի զորքերի նահանջի ժամանակ հողային մարտավարությունը. ավերվել են քաղաքներն ու գյուղերը, ձեռնարկությունները, ենթակառուցվածքները,  մարդկանց նույնպես չեն խնայել:

«Արդյո՞ք մենք դրա համար փոխհատուցում ենք վճարել, կամ գոնե ներողություն խնդրե՞լ ենք: Ոչ մի նման բան»,-ավելացրել է Շեպեն:

Նրա կարծիքով, ներողության ժամանակը վաղուց է եկել և դա  դրական քայլ կլինի:

«Ես երբևէ չեմ տեսել, որ որևէ հսկիչ վրեժ լուծեր գերմանացուց». Գերմանացի նախկին ռազմագերին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել ԽՍՀՄ-ի վրա հարձակման համար