ԱՄՆ-ն ևս 10 չինական ընկերության կներառի «սև ցուցակում»

10:59 • 09.07.21

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ առնվազն 10 չինական կազմակերպության կներառի իր տնտեսական «սև ցուցակում», հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ այս մասին ԱՄՆ-ն մտադիր է հայտնել հուլիսի 9-ին։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ սա վերաբերում է առնվազն 10 ընկերությունների նկատմամբ տնտեսական սահմանափակումներին:

Անցյալ ամիս Առևտրի նախարարությունը հայտնել էր 5 չինական կազմակերպության «սև ցուցակում» ներառելու մասին, որոնց թվում՝ արևային մարտկոցների արտադրությամբ զբաղվող Hoshine Silicon Industry Co ձեռնարկությունը։ Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ կառավարությունը թիրախավորում է չինական ընկերություններին, որոնք կապված են ույղուրների և այլ մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ բարձրտեխնոլոգիական հսկողություն իրականացնելու հետ։

ՄԱԿ-ի փորձագետների և իրավապաշտպան խմբերի գնահատականի համաձայն՝ վերջին տարիներին վարչակազմը Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում ձերբակալել է ավելի քան 1 միլիոն մարդու, որոնց մեծ մասը ույղուրներ և այլ մուսուլման փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Չինաստանը պատժամիջոցներ էր սահմանել ԵՄ-ի նկատմամբ՝ ի պատասխան մարդու իրավունքների վերաբերյալ մեղադրանքների, որոնց համաձայն Պեկինը Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում խախտում է մարդու իրավունքները։ Այս պատժամիջոցներն ուղղված են եղել Բրյուսելից 10 անձանց և 4 կազմակերպության, ինչը հաջորդել էր ԵՄ-ի կողմից Չինաստանի 4 քաղաքացիների և չինական մեկ կազմակերպության պատժամիջոցների ցուցակում ընդգրկելուն:

ԱՄՆ-ն ևս 10 չինական ընկերության կներառի «սև ցուցակում»