Microsoft-ն իր բոլոր աշխատակիցներին 1500-ական դոլար պարգևավճար կտա՝ «այս յուրահատուկ ու դժվարին տարում» կատարած աշխատանքի համար

12:36 • 10.07.21

Ամերիկյան Microsoft կորպորացիան պատրաստվում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իր բոլոր աշխատակիցներին 1500-ական դոլար պարգևավճար վճարել, հայտնում է businessinsider.com-ը:

Այս միանվագ վճարը տրվելու է «այս յուրահատուկ ու դժվարին տարում» աշխատակիցների կատարած աշխատանքի համար:

Գումարը կտրվի բոլոր աշխատակիցներին, բացի բարձրագույն ղեկավարությունից, որոնք աշխատել են ընկերությունում 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ, ներառյալ՝ կես դրույքով կամ ժամավճարով աշխատողները:

Նշվում է, որ կորպորացիան ամբողջ աշխարհում ունի 175 508 աշխատող: Այսպիսով՝ պարգևավճարների համար կհատկացվի շուրջ 200 միլիոն դոլար, ինչը մոտավորապես համապատասխանում է կորպորացիայի 2 օրվա եկամուտներին:

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարած աշխատանքի դիմաց վճարումների մասին ավելի վաղ հայտնել էին այլ խոշոր ընկերություններ ևս. Facebook-ը 1000-ական դոլար էր վճարել 45 000 աշխատակցի, իսկ Amazon-ը հավելյալ 300 դոլար էր վճարել առանցքային ոլորտներում աշխատողներին:

 

Microsoft-ն իր բոլոր աշխատակիցներին 1500-ական դոլար պարգևավճար կտա՝ «այս յուրահատուկ ու դժվարին տարում» կատարած աշխատանքի համար