««Իմ պետությունը», «իմ ժողովուրդը», «իմ խումբը» հնացած, նեղ մտածելակերպ է»․ Դալայ Լաման խոսել է Covid-19-ը հաղթահարելու հարցում ընդհանուր պատասխանատվության մասին

15:45 • 10.07.21

Դալայ Լամա XIV-ը հնդիկ բժիշկների և դեղագործների հետ առցանց հանդիպման ժամանակ խոսել է կորոնավիրուսային վարակի մասին և նշել, որ բոլոր պետությունները պետք է գիտակցեն երկրագնդի վրա ապրող 7 միլիարդ մարդու փոխկապակցված լինելն ու համավարակի հաղթահարման ընդհանուր պատասխանատվությունը, հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

«Այսօր մենք կանգնած ենք կորոնավիրուսային համավարակի՝ ընդհանուր համաշխարհային խնդրի առջև, և բոլոր մարդիկ պատասխանատու են այս խնդիրը հաղթահարել սովորելու հարցում։ Սա կապված է 7 միլիարդ բնակչության ընհանուր ընկալման հետ՝ հասկանալով, որ  մենք պետք է սովորենք միասին ապրել  այս մոլորակի վրա։ «Իմ պետությունը», «իմ ժողովուրդը», «իմ խումբը» հնացած, նեղ մտածելակերպ է: Մենք պետք է մտածենք ամբողջ մարդկության մասին»», - ասել է Դալայ Լաման` ընդգծելով, որ երկրագնդի 7 միլիարդ բնակչությունը միավորված է։ Նա նշել է, որ այսօր գիտնականները մարդուն անվանում են «սոցիալական կենդանի», ինչը նշանակում է, որ նա պատասխանատու է խմբի մյուս անդամների հաջող և երջանիկ կյանքի համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Դալայ Լաման նշել էր, որ երկարակեցության համար առողջ մարմին, ինչի հիմնական երաշխիքը առողջ քունն է։ Նա ասել էր, որ ինքն ամեն գիշեր խորը և հանգիստ քնում է 9 ժամ։, որից բացի զբաղվում է նաև մեդիտացիայով։

«Հոգեկան և ֆիզիկական առողջության համար այդքան անհրաժեշտ «հոգեկան հանգստությունը» ձեռք է բերվում առաջին հերթին կարունան (կարեկցանք) զարգացնելու և ոչ պակաս կարևոր ահիմսա (բռնության բացակայություն) սկզբունքի պահպանման միջոցով», - ասել էր Դալայ Լաման։

14-րդ Դալայ Լաման, որի իսկական անունը Լհամո Դհոնդրուբ է, ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին Տիբեթի հյուսիս-արևելքում գտնվող Տակցեր գյուղում: Նա 1937-ին ճանաչվել է իր նախորդի վերամարմնավորումն ու 1940-ին՝ ստանձնել պաշտոնը։ 1959 թվականին Տիբեթի՝ Չինաստանի կազմում ներառվելուց հետո, Դալայ Լաման փախել է Հնդկաստան և այժմ նրա նստավայրը Հիմալայան Դհարամշալա քաղաքում է։

Նա համարվում է բոլոր բուդդաների կարեկցանքի մարմնացումը։ 14-րդ Դալայ Լաման 1989 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի` տարբեր երկրներում կրթական գործունեության և խաղաղարար ջանքերի համար: Նա իր ողջ կյանքի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել կրթության զարգացմանն ու ժամանակակից գիտության հետ բուդդիզմի փոխազդեցությանը։

««Իմ պետությունը», «իմ ժողովուրդը», «իմ խումբը» հնացած, նեղ մտածելակերպ է»․ Դալայ Լաման խոսել է Covid-19-ը հաղթահարելու հարցում ընդհանուր պատասխանատվության մասին