Թալիբները հարձակվել են Աֆղանստանի Քալայի Նաու քաղաքի վրա, ներխուժել բանտ ու ազատ արձակել բոլոր բանտարկյալներին․ մարտերի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ

15:10 • 10.07.21

Աֆղանստանի Բադղիս նահանգի Քալայի Նաու քաղաքում կառավարական զորքերի և թալիբների միջև բախումների հետևանքով վերջին երեք օրերին 4 խաղաղ բնակիչ է զոհվել, 77-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հուլիսի 7-ին «Թալիբան» շարժման գրոհայինները երեք կողմից հարձակվել են Քալայի Նաու քաղաքի վրա, ներխուժել բանտ ու ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որի հետևանքով քաղաքում փողոցային մարտեր են սկսվել:

Աֆղանստանցի զինվորականները Քալայի Նաուն ազատագրելու գործողություն են սկսել: Հաղորդվում է առնվազն 69 թալիբի սպանության մասին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի հետ սահմանին 2 անցակետի նկատմամբ:

«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի 174 գավառ:

Թալիբները հարձակվել են Աֆղանստանի Քալայի Նաու քաղաքի վրա, ներխուժել բանտ ու ազատ արձակել բոլոր բանտարկյալներին․ մարտերի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ