Ակնհայտ է, որ իրավապահներն այլ նպատակներ են հետապնդում. Երեմ Սարգսյանը՝ Մխիթար Զաքարյանի բերման ենթարկվելու մասին (տեսանյութ)

16:00 • 12.07.21

Եթե իրավապահները փորձում են հանցագործություններով, ապօրինություններով իբր օրինականություն հաստատել, սա մոլորություն է,  երբևէ նման բան չի կարող լինել: Եթե որևէ մեկը հանցագործություն կամ ապօրինություն է կատարում, չի կարող դիմացինից պահանջել` չանել նման բան, առավել ևս, եթե դա պետական մարմինն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Խոսելով Զաքարյանին առանց ծանուցման բերման ենթարկելու մասին՝ Սարգսյանը նշեց, թե իրավապահ մարմինները իբր փորձել են մի քանի անգամ ծանուցագիր ներկայացնել, սակայն տանն իբրև մարդ չի եղել, չեն կարողացել ծանուցագիր ներկայացնել:

«Ինքնաձիգերով դիմակավորված անձանց ներկայությունն այս իրավիճակի համար լիազորությունների անցում է, ըստ իս, որովհետև մենք չենք կարող այսպիսի իրավիճակում մարդուն պառկացնել գետնին, իբր գործողություն ես իրականացնում: Դու չես կարող հիմնավորել, թե իբր վնասազերծում ես: Եթե վտանգ տեսնենք, այո, կարող ես, բայց ի՞նչն է վտանգը: Պաշտոնական լիազորությունների անցման մեջ տուգանքով պատժվող հանցագործության համար, որը անձի և առողջության համար որեւէ վտանգ չներկայացնող հանցագործություն է, ինքնակամ ներկայացած անձին ոստիկանության շենքի մոտ բռնությամբ իբր բերման ենթարկել, ակնհայտ է, որ այլ նպատակներ է հետապնդում»:

Երեմ Սարգսյանը նշեց, որ Զաքարյանը ձեռքի վնասվածքներ ունի դեռ պատերազմի մասնակցության ժամանակներից. «Բռնության գործադրման ժամանակ ստացած վնասվածքներին հետագայում կանդրադառնամ, բայց միայն այն փաստը, որ գիտեն՝ անձը վնասվածքներ ունի, հրազենային վիրավորում է ստացել, անձին նման ձևով, ձևական բերման ենթարկելը արդեն վկայում է, որ բոլոր նորմերն անցել են»,-ասաց նա և հավելեց, որ այս պահին կալանքի հետ կապված որևէ նոր տեղեկություն չունեն:

Ակնհայտ է, որ իրավապահներն այլ նպատակներ են հետապնդում. Երեմ Սարգսյանը՝ Մխիթար Զաքարյանի բերման ենթարկվելու մասին (տեսանյութ)