90-ամյա բելգիացի կինը վարակվել է կորոնավիրուսի միանգամից 2 շտամով, ինչից հետո մահացել է
Բելգիայի 90-ամյա բնակչուհին մահացել է կորոնավիրուսի միանգամից երկու շտամերով (բրիտանական և հարավաֆրիկյան) վարակվելուց հետո, հայտնում է bloomberg.com-ը:
Հիվանդը հոսպիտալացվել է Ալս քաղաքում: Նույն օրը նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել: Միևնույն ժամանակ, սկզբում կնոջ արյան մեջ թթվածնի մակարդակը նորմալ էր, բայց նրա վիճակը սկսել է արագ վատթարանալ: Անալիզները ցույց են տվել, որ կնոջ օրգանիզմում առկա է վիրուսի ինչպես ալֆա, այնպես էլ բետա շտամ: Հինգ օր անց նա կյանքից հեռացել է: Միևնույն ժամանակ, բժիշկները նշել են, որ հիվանդը պատվաստված չէր:
Հավանական է, որ կինը երկու տարբեր մարդկանցից վարակվել է վիրուսի տարբեր շտամերով: Գիտնականները դեռ միանշանակ պատասխան չեն տվել՝ արդյոք միաժամանակ երկու շտամերի առկայության փաստը կնոջ մահվան պատճառն է:










