Ռուս խաղաղապահների՝ ուխտավորներին Գանձասար ու Ամարաս ուղեկցելու մասին հաղորդագրությունները կարող են շփոթություն առաջացնել, թե դրանք գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ․ Տ․ Աբրահամյան
Արդեն մի քանի ամիս է, ինչ ՌԴ խաղաղապահ զորախումբը պաշտոնական հաղորդագրություններ է տարածում ուխտավորներին Գանձասար և Ամարաս ուղեկցելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան։
«Պատերազմից հետո Արցախ չայցելած կամ Ադրբեջանի հետ շփման գիծը չտիրապետող մարդու համար այս հաղորդագրությունը կարող է տպավորություն ստեղծել, որ Գանձասարը կամ այնտեղ ուղևորվելու ճանապարհը կամ գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, կամ վտանգավոր է, դրա համար էլ այնտեղ գնում են խաղաղապահների ուղեկցմամբ։
Չնայած Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Ամարաս ճանապարհի որոշ հատվածներ անցնում է ադրբեջանական դիրքերի հարևանությամբ (ոչ այնքան մոտ), սակայն վերջին շրջանում այդ հատվածում արձանագրվող միջադեպերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։
Ի դեպ, Ամարաս հասնելու համար կա այլ՝ առավել անվտանգ ճանապարհով։ Այնտեղ կարելի է հասնել Ստեփանակերտ-Ննգի-Ճարտար ուղղությամբ։
Մի խոսքով, Արցախի համապատասխան կառույցներն այս մասով պետք է աշխատեն ռուս խաղաղապահների հետ, բացատրեն, որ իրենց հաղորդագրությունները որոշակի շփոթմունքի առիթ են տալիս, ինչն իր հերթին կարող է վախ, մտահոգություններ առաջացնել Արցախ եկող զբոսաշրջիկների համար»,-գրել է Աբրահամյանը։










