Երևանը 2 տարուց նոր գլխավոր հատակագիծ կունենա․ քաղաքապետի խորհրդական (տեսանյութ)
Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարի անց: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը՝ պատասխանելով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանի հարցին։
«Գլխավոր հատակագծի բազմաթիվ շեղումներ կան, որոնք խնդիրներ են առաջացնում շինթույլտվությունների առնչությամբ։ Մենք վերջապես եր՞բ ենք ունենալու նոր գլխավոր հատակագիծ, որը նման շեղումները բացառի»,- հարցրեց ավագանու անդամը։
Ճգնավորյանը նշեց՝ դա աշխատանքների, ուսումնասիրությունների հսկայական ցիկլ է, իրականում ոչ ոք չի կարող հստակ ասել։
«Նախկինում դա տևել է 2-4 տարի: Իմ հույսն այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան պրոցեսները հնարավորինս արագացնել, վերլուծությունն անցկացնել շատ ավելի արագ: Իրատեսականը 1,5 տարին է, բայց դրա համար շատ բան պետք է արվի, և մենք պատրաստ ենք անել այդ շատ բանը, բայց եկեք մեր մտքում 2 տարին պահենք»,-ասաց նա:










