«Եթե ՌԴ նախագահը սկսել է ուկրաիներեն գրել, նշանակում է` մենք ամեն ինչ ճիշտ ենք անում». Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայի մասին Պուտինի հոդվածը  

16:12 • 13.07.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեգնական մեկնաբանություն է արել Ուկրաինայի մասին Կրեմլի հրապարակած ուկրաիներեն հոդվածի վերաբերյալ, որը հեղինակել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը:  

«Եթե ՌԴ նախագահն արդեն սկսել է ուկրաիներեն գրել, նշանակում է, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Այդ ուղղությամբ աջակցում եմ այդ որոշմանը»,-  Liga.net-ի փոխանցմամբ` ասել է Զելենսկին:

Զելենսկին ընդգծել է, որ «չի հասցրել կարդալ ամբողջ հոդվածը», քանի որ զբաղված է եղել Բեռլինում տեղի ունեցած բանակցություններով, սակայն դատելով Կրեմլի կայքում իր տեսածից` «Պուտինը շատ ժամանակ է ծախսել»:

«Ես այնտեղ խոր աշխատանք տեսա»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին հիշեցրել է, որ Կրեմլն իր հետ երկկողմ հանդիպումից ՌԴ նախագահի հրաժարվելը մեկնաբանել էր` ասելով, որ Պուտինը շատ զբաղված մարդ է և «ժամանակը չի բավականացնում»: Զելենսկին շեշտել է, որ այժմ հասկանում է, թե ինչով էր զբաղված ռուս առաջնորդը. «հոդված էր գրում»:

Կրեմլը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Պուտինը ծավալուն հոդված է հեղինակել Ուկրաինայի և ուկրաինացիների մասին:

«Եթե ՌԴ նախագահը սկսել է ուկրաիներեն գրել, նշանակում է` մենք ամեն ինչ ճիշտ ենք անում». Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայի մասին Պուտինի հոդվածը