Չինաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով զոհվել է 8 և անհետ կորել 9 մարդ
Չինաստանի Սուչժոու քաղաքում հյուրանոցի մասնակի փլուզման հետևանքով զոհվել է 8 մարդ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի պետական լրատվամիջոցներին, և հավելում, որ փրկարարները որոնում են 9 անհետ կորածներին։
Առափնյա քաղաքում գործող Siji Kaiyuan հյուրանոցի մի մասը փլվել է երկուշաբթի կեսօրին․ ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։
«Սինհուա» լրատվական գործակալության տեղեկություններով՝ փլուզման պատճառները բացահայտելու համար հետաքննություն է ընթանում։
Հյուրանոցը, որը բացվել է 2018 թվականին, ուներ 54 սենյակ և համարվում էր բյուջետային հյուրանոց։ Շենքի փլված հատվածը 3 հարկ է եղել։










