Կուբայում տասնամյակների ամենամեծ ցույցերի ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել․ նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին և ցուցարարների դեմ պայքարի հրաման տվել (լուսանկարներ, տեսանյութ)

09:45 • 13.07.21

Կուբայում կոմունիստական կառավարության դեմ տասնամյակների ամենամեծ բողոքի ակցիաների ընթացքում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել, հայտնում է BBC լրատվականը՝ հղում տալով լրատվամիջոցներին և ընդդիմության աղբյուրներին և հավելում, որ ցույցերին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ զայրացած տնտեսության անկումից, սննդամթերքի և դեղորայքի պակասից, թանկացումներից և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության գործողություններից։

Երկրի նախագահն իր կողմնակիցներին կոչ է արել «պայքարել» ցուցարարների դեմ։ Հայտնի է, որ ամբողջ երկրում անջատվել է համացանցը, և անվտանգության ուժերի հետ առճակատման ընթացքում վիրավորվել է Associated Press-ի լուսանկարիչը։

Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները վանկարկել են «Ազատությո՛ւն» և «Կորչի՛ բռնապետությունը» և նշել, որ փոփոխություն են ցանկանում։

Ի պատասխան երկրում ընթացող ցույցերի՝ նախագահ Միգել Դիազ Կանելը հեռուստատեսությամբ դիմել է ժողովրդին և անկարգությունների համար մեղադրել Միացյալ Նահանգներին և Կուբայի նկատմամբ 1962 թվականից ի վեր գործող պատժամիջոցներն անվանել «տնտեսական խեղդման քաղաքականություն»։

«Պայքարի հրամանը տրված է։ Հեղափոխականնե՛ր, դուրս եկեք փողոց», - ասել է Կուբայի նախագահը։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, նշել է, որ Կուբայի ժողովուրդը համարձակորեն հաստատում է հիմնարար և համընդհանուր իրավունքները, իսկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կուբայի նախագահին և «հեղափոխական կառավարությանը» աջակցություն է հայտնել։ Մեքսիկան և Ռուսաստանի Դաշնությունն էլ նշել են, որ ոչ մի պետություն չպետք է խառնվի Կուբայի ներքին գործերին։

Վերլուծաբանները կարծում են, որ բողոքի ակցիաները դժվար թե համատարած բնույթ կրեն երկրում, իսկ կոմունիստական կառավարությունն էլ, իր հերթին, կանի հնարավոր ամեն բան՝ դրանք դադարեցնելու համար։

AP photographer, Spanish Ramon Espinosa, is seen with injuries in his faceA man is arrested in CubaMap of Cuba protestsCars overturned by protesters in Havana, July 2021

Կուբայում տասնամյակների ամենամեծ ցույցերի ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել․ նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին և ցուցարարների դեմ պայքարի հրաման տվել (լուսանկարներ, տեսանյութ)