Կուբայում ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների ժամանակ մեկ մարդ է մահացել, կան վիրավորներ

02:39 • 14.07.21

Կուբայի մայրաքաղաք Հավանայում բախումների հետևանքով մեկ մարդ է մահացել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կուբայի լրատվական ծառայությունը:

Հաղորդվում է, որ Կուբայի 36-ամյա քաղաքացին Հավանայի Արրոյո-Նարանխո թաղամասում ոստիկանական ուժերի վրա կատարված հարձակման ժամանակ մահացու վնասվածքներ է ստացել. երկրի ՆԳՆ-ն մահվան դեպքի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել:

Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները հարձակումներ են գործել տների վրա, բեռնատարներ հրդեհել, քարերով ու դանակներով հարձակվել իրավապահների և խաղաղ բնակիչների վրա. կատարվածի հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը:

Բողոքի ակցիաների և անկարգությունների մասնակիցները ձերբակալվել են, կա մի քանի վիրավոր:

Ակցիաներն ու զանգվածային անկարգությունները, որոնք ուղեկցվում են ոստիկանական ուժերի հետ պարբերական բախումներով, մայրաքաղաք Հավանայում և երկրի այլ քաղաքներում սկսվել են հուլիսի 11-ից:

Ցուցարարները պահանջում են արագացնել պատվաստման տեմպերը, մինչդեռ Կուբայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում` օրական մոտ 7000 դեպք: Կիրակի գրանցվել է մահվան 47 դեպք:

Կուբան անցյալ տարի 11 տոկոս տնտեսական անկում է գրանցել:

Երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը, մեկնաբանելով տեղի ունեցող ցույցերը, հայտարարել է, որ դրանք սադրանք են ԱՄՆ–ի ուղարկած վարձականների կողմից` երկիրն ապակայունացնելու համար:

 

 

Կուբայում ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների ժամանակ մեկ մարդ է մահացել, կան վիրավորներ