Բրազիլիայի նախագահը շտապ հոսպիտալացվել է

16:41 • 14.07.21

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին որովայնի ցավերով տեղափոխել են մայրաքաղաքի ռազմական հիվանդանոց, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով նախագահի մամուլի ծառայությանը։

Նախագահին հիվանդանոց տեղափոխելու որոշումը կայացրել է նախագահի աշխատակազմում գործող բժշկական խումբը՝ ցավի պատճառները պարզելու համար։

«Նախագահը վերահսկողության տակ կմնա 24-ից 48 ժամ, սակայն ամբողջ ընթացքում հիվանդանոցում մնալու կարիք չկա։ Նա լավ տրամադրություն ունի և իրեն լավ է զգում», - ասվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ իր կողմնակիցների հետ զրույցի ընթացքում Բրազիլիայի նախագահը նշել էր որ 2 ատամների իմպլանտների տեղադրումից հետո որովայնում ջղաձգումներ ունի։