Վենեսուելայում կապ են տեսնում Հայիթիի նախագահի սպանության և Մադուրոյի դեմ մահափորձի միջև

09:49 • 14.07.21

Լուսանկարում՝ Մադուրոյի դեմ մահափորձը

CTU Security անվտանգության ընկերությունը, որը ենթադրաբար կապված է Հայիթիի նախագահի սպանությունը նախապատրաստող մարդկանց հետ, կարող է ներգրավված լինել նաև 2018 թվականին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի գործում: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները հայտնել էին, որ հետաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել, որ Մայամիում գրանցված անվտանգության ընկերության վարկային քարտով Բոգոտա-Սանտո Դոմինգո չվերթի ավիատոմսեր են գնվել 19 կոլումբացիների համար, որոնք ներգրավված են Հայիթիի նախագահի սպանության գործում:

«Մենք տեղեկություններ ունենք, որ Անտոնիո Իտրիագոյի գլխավորած անվտանգության այս ընկերությունը ներգրավված է եղել 2018 թվականի օգոստոսի 4-ին Նիկոլաս Մադուրոյի դեմ անհաջող մահափորձի գործում»,- ասել է Ռոդրիգեսը մամուլի ասուլիսում:

Վենեսուելայի նախագահի դեմ անօդաչու թռչող սարքերի միջոցով մահափորձն իրականացվել է 2018-ի օգոստոսին: Պայթուցիկ նյութերով մի քանի թռչող սարք շարժվել է դեպի ամբիոն, որտեղ գտնվում էր Մադուրոն շքերթի ժամանակ: Մի քանի գվարդիական վիրավորվել էր, պետության ղեկավարը չէր տուժել:

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց:

Հայիթիում հայտարարվել է ռազմական դրություն և 15-օրյա ազգային սուգ:

Վենեսուելայում կապ են տեսնում Հայիթիի նախագահի սպանության և Մադուրոյի դեմ մահափորձի միջև