Մեծ Բրիտանիայում բեմադրվել է Ալեքսանդր Լիտվինենկոյի մասին օպերա, որում կա նաև Բորիս Բերեզովսկիի կերպարը (տեսանյութ)

17:53 • 15.07.21

2006-ի նոյեմբերին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է պոլոնիում-210-ով թունավորումից: 15 տարի անց Մեծ Բրիտանիայում նրա կյանքի և մահվան պատմությունը դարձել է օպերային բեմադրության սյուժե, գրում է euronews.com-ը:

Լոնդոնից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սարեյի «Գրեյնջ Պարկ» օպերայում տեղի է ունեցել «Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքն ու մահը» օպերայի պրեմիերան: Բեմականացման թույլտվությունը տվել է հերոսի այրին` Մարինա Լիտվինենկոն:

«Երաժշտությունը շատ հզոր զենք է: Երբեմն մի բառով կամ կադրով հնարավոր չէ արտահայտվել: Բայց երաժշտությունը կարող է ավելի շատ ազդել, քան պարզապես բառերը: Ինձ դուր է գալիս «Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքն ու մահը» խորագիրը, քանի որ այն բանի համար, ինչին նա նվիրեց իր ողջ կյանքը և ինչին չկարողացավ հասնել, նա վճարեց իր մահով, որպես զոհ»,-ասել է այրին:

Ալեքսանդր Լիտվինենկոյի մասը կատարում է տենոր Ադրիան Դվայերը: Բեմականացմանը ներգրավված այլ հերոսների թվում են Մարինա Լիտվինենկոն, օլիգարխ Բորիս Բերեզովսկին և ռուս Անդրեյ Լուգովոյը, որը կատարում է Լիտվինենկոյին սպանողի դերը:

Լիտվինենկոն, որն ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում, մահացել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 2006 թվականի նոյեմբերի 23-ին: Ըստ փորձաքննության, դա տեղի է ունեցել ռադիոակտիվ պոլոնիումով թունավորման հետևանքով, սակայն նրա մահվան հանգամանքները դեռ պարզված չեն և վիճելի են:

Մեծ Բրիտանիայում բեմադրվել է Ալեքսանդր Լիտվինենկոյի մասին օպերա, որում կա նաև Բորիս Բերեզովսկիի կերպարը (տեսանյութ)