Ծախսերի համար պատգամավորին 50 հազարի փոխարեն ամսական պետք է տալ 250 հազար դրամ. առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց (տեսանյութ)

11:10 • 15.07.21

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում էր: Համաձայն նախագծի՝   առաջարկվում է հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամը, այն  դարձնելով 250 հազար դրամ:

Նախագիծը ներկայացնող  Վիկտոր Ենգիբարյանն ասաց, որ նախագիծը  բխում է հանրային լավագույն շահից. «Ամսական 50 հազար դրամը բավարար չէ մարզեր այցի վառելիքի ծախսերի համար, հետևաբար փոփոխությունները միտված  են ուժեղացնելու պատգամավորական ինստիտուտը»:

Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հայտնեց, որ ոչ բոլոր պատգամավորներն են գնում մարզեր, պատգամավորների մեծամասնությունն առհասարակ մարզեր չեն գնացել:

Վիկտոր Ենգիբարյանն արձագանքեց` պատգամավորական գործունեությունը բազմակողմ է և նյութատեխնիկական սպասարկումը պետք է բարելավել:

Գործադիրն առարկություն չուներ նախագծի վերաբերյալ:

Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 74 կողմ ձայներով: