Մակրոնի նախազգուշացնող տեսաուղերձի հաջորդ օրը 1,7 միլիոն ֆրանսիացի գրանցվել է պատվաստման համար

14:46 • 15.07.21

Ֆրանսիայում ռեկորդային թվով մարդիկ գրանցվել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շուտով իշխանությունները խիստ սահմանափակումներ են մտցնելու չպատվաստված մարդկանց նկատմամբ:

Մակրոնը հուլիսի 12-ին հեռուստաուղերձով դիմել է ազգին: Նա նշել է, որ հուլիսի 21-ից կինոթատրոններ և համերգասրահներ, ինչպես նաև փառատոներ հնարավոր կլինի այցելել միայն պատվաստման փաստը հաստատող առողջության թվային անձնագրի կամ վերջերս կատարված ՊՇՌ թեստի առկայության դեպքում:

Օգոստոսի սկզբից, Մակրոնի խոսքերով, առանց թվային անձնագրի անհնար կլինի այցելել սրճարաններ, բարեր և առևտրի կենտրոններ, ինչպես նաև գնել ինքնաթիռի կամ միջքաղաքային գնացքի տոմս: Միևնույն ժամանակ, Մակրոնը նախազգուշացրել է, որ աշնան սկզբից ֆրանսիացիները կկորցնեն պետության հաշվին ՊՇՌ թեստեր անելու հնարավորությունը: Նա ընդգծել է, որ այս կերպ կառավարությունն ակնկալում է «խրախուսել պատվաստումը, այլ ոչ թե թեստերի աճը»: