«Շնորհակալություն պահապան հրեշտակների խմբին»․ Հայիթիի՝ սպանված նախագահի կինը շնորհակալություն է հայտնել իրեն բուժող բժիշկներին և լուսանկար հրապարակել հիվանդանոցից

10:15 • 15.07.21

Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը՝ Մարտին Մոիզը, շնորհակալություն է հայտնել բժիշկներին իրեն ցուցաբերած օգնության համար և իր թվիթերյան հարթակում լուսանկար հրապարակել հիվանդանոցից, ուր նրան տեղափոխել են երկրի ղեկավարի նստավայրի վրա հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից ապաքինվելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Շնորհակալություն պահապան հրեշտակների խմբին, որոնք ինձ օգնեցին հաղթահարել այս դժվարին ժամանակաշրջանը։ Ձեր բարության և հոգատարության շնորհիվ ես կարողացա դիմակայել», - գրել է Մարտին Մոիզը և հավելել, որ դեռևս չի հավատում ամուսնու մահվանը՝ շեշտելով, որ այդ ցավը երբեք չի անցնի։

Երեկ ՄԱԿ-ում Հայիթիի մշտական ներկայացուցիչ Անտոնիո Ռոդրիգեն հայտնել էր, որ սպանված նախագահի կնոջ առողջական վիճակն այլևս մտահոգիչ չէ։

Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահի դեմ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին: Հարձակմանը, նախնական տվյալներով, մասնակցել է 28 արտասահմանցի վարձկան: Հարձակման ժամանակ վիրավորում էր ստացել նաև նրա կինը: