Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով պարգևատրվել  են մի շարք աշխատակիցներ

20:38 • 16.07.21

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մասնագիտական բարձր որակների, արգասաբեր ու բարեխիղճ աշխատանքի և լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել «Չաարատ Կապան»,«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» , «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ,  «Ախթալայի ԼՀԿ»,  «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ և  «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերությունների  մի շարք աշխատակիցներ։

Ընդերքի ոլորտը համակարգող, ՏԿԵ նախարարի տեղակալ  Լիլիա Շուշանյանն այսօր հյուրընկալել է պարգևատրված աշխատակիցներին, շնորհավորել   նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ, և հանձնելով  շնորհակալագրերը՝    շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։

«Մեր երկրի հարստությունն ընդերքն է, սակայն հզորությունը մարդիկ են․  երկրի իրական կարողությունն  և ներուժն այս երկուսի համատեղումն է։ Մարդկանց մասին խոսելիս կարող եմ վստահաբար նշել, որ հատկապես  հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում  աշխատում են  ամենադիմացկուն, նվիրված և պատասխանատու մասնագետներ։ Ես սա պնդում եմ, հաշվի առնելով  մասնագիտական բարդությունը, սխալների դեպքում՝ հետևանքների ծանրությունը, ինչպես նաև նոր լուծումների, հայտնագործությունների, կամ, պարզապես, ճիշտ տեղում ճիշտ մեթոդներ կիրառելով  դրանց մուլտիպլիկատիվ դրական և մեծ ազդեցությունն  ինչպես ձեր արտադրություններում, այնպես էլ հարակից բնագավառներում»,-ասել է  փոխնախարարը։

Լ․ Շուշանյանը նշել է, որ  Հայաստանը կարող է հպարտանալ առաջատար և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունահանում իրականացնող իր  համալիրներով, սակայն, երկիրը շարունակելու է զարգացնել   առկա տեխնոլոգիաները և նորերի ներդրումը՝  արտադրական շղթան ընդլայնելու և  առավել խորը վերամշակում ապահովելու  համար։ Նրա խոսքով՝  միաժամանակ, նպատակ է դրվել հասնել աշխատանքային պայմանների բարելավման, գիտակրթական ինստիտուտներ- պետական մարմին համագործակցային ձևաչափով լուծել երիտասարդ  կադրերի պատրաստման հարցը։ 

Փոխնախարար Շուշանյանը  ևս մեկ անգամ շնորհավորել է նրանց   տոնի առթիվ՝ մաղթելով  նոր մասնագիտական ձեռքբերումներ։    

Նշենք, որ   «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։

 

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով պարգևատրվել  են մի շարք աշխատակիցներ