Ոսկի կորզող պողպատե մարդիկ․ «Գեոպրոմայնինգը» նշում է լեռնահանքագործների ու մետաղագործների օրը (տեսանյութ)

12:14 • 17.07.21

Պողպատե մարդիկ մեռած հողից ոսկի են կորզում։ Եղանակը՝ սառնամանիք, քամին՝ անդրդվելի։

Ոսկին թուլակամներին չի ընդունում։ Ամեն վայրկյանը պայքար է՝ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական։ Մի քանի մետր այնկողմ թշնամին է, ամեն քայլդ դնելուց էլ մայր բնությունը հիշեցնում է, որ դու լեռներում ես։ Աշխատանքն էլ հեշտերից չէ, ու եթե քննությունն անցար, մայր բնությունն էլ քեզ շռայլորեն կպարգևատրի։

Մաթևոսյանների գերդաստանն արդեն գումարային մեկ դար է, ինչ աշխատում է Սոթքի ոսկու հանքավայրում։ Հայրը հանքի առաջին աշխատակիցներից մեկն է եղել։ Հենց նա էլ հիմք է դրել լեռնաարդյունաբերողների գերդաստանին։ Այժմ կրտսեր եղբոր հետ հանքի հնաբնակներից են, գերդաստանի գործն էլ շարունակում է եղբոր որդին։

Ինքն անձամբ սկսել է հանքափորի աշխատանքից, տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ։ Հիմա էլ հետևում է հսկաների կարգապահությանը։

Տանը եղբոր հետ ցույց են տալիս հին լուսանկարերն ու հիշում անցած-գնացածը։ Հայրն է՝ Սոթքի ոսկու հանքի առաջին աշխատակիցներից մեկը։ Հենց ինքն էլ երկու որդիներին դարձրեց հողից ոսկի կորզող։

«Հայրս, քանի որ մասնակցել է Սարսանգի ջրամբարի կառուցմանը, ու արդեն պատրաստի մասնագետ էր, հանքը բացվելուն պես տեղափոխեցին այստեղ։ Ու 22 տարի այստեղ աշխատելուց հետո, որպես «ԲելԱԶ»-ի վարորդ, տեղափոխվեց նորից Արցախ»,– պատմում է Զինավոր Մաթևոսյանը։

Զինավորի աշխատանքից դժգոհ է միայն «գլխավոր վերադասը»՝ կինը, ասում է՝ այնքան է տարված աշխատանքով, որ չի հասցնում մի քիչ էլ ընտանիքի հետ լինել։

Վերադառնանք հանք, որտեղ աշխատանքը ոչ մի վայրկյան չի կանգնում։ Երբ արդեն կորցնում ես կողմնորոշվելուդ ունակությունը, հետևից ազդանշան է տալիս հաջորդ հսկան՝ «ԲելԱԶ»-ը։ Տրանսֆորմեր ֆիլմ հիշեցնող այս տեխնիկան կառավարելը, պարզվում է, ավելի քան հեշտ է։ Հանքագործների գերդաստանի հաջորդ անդամը շարունակում է հենց հոր գործը։ Նա էլ հանքում «ԲելԱԶ»-ի վարորդ է։

Երբ նստում ես այս հսկայի ղեկին, ամեն ինչն է փոքր թվում։ Ասում է՝ «ԲելԱԶ»-ից հետո մարդատար մեքենայի ղեկին նստելուց անսովոր բան չկա։ Երբ լեռնագործները հանում, աղում ու մշակում են հանքաքարը, «ԲելԱԶ»-ի վարորդին մնում է այն տեղափոխել երկաթգծի մոտ։

Որդին նույնպես շարունակում է հոր գործը։ Էլի ղեկին է, բայց ավելի կատարելագործված տեխնիկայի։

Մաթևոսյանների գերդաստանի ամենակրտսեր անդամը, դե գոնե հանքում, հորատող է՝ աշխատանքի ամենակարևոր փուլերից մեկի պատասխանատուն։ Հորատման արդյունքներից է պարզ դառնում՝ տվյալ հատվածը ենթակա է արդյունահանման, թե ոչ։ Ասում է՝ օրը 12 ժամ հորատման տեխնիկայի հետ է։ Մի տեսակ հարազատացել են նույնիսկ։

Երբ հսկաների աշխատանքն արդեն ավարտվում է, ազնիվ մետաղով բեռնված պողպատե վագոններն ուղևորվում են Արարատ, որպեսզի հանքաքարից կորզեն երկար սպասված ոսկին։

Բայց հանքի աշխատանքը միայն լեռնաարդյունաբերողների ուսերին չէ։ Կենտրոնական գրասենյակում հավաքվել են լավագույն ուղեղները, որոնցից էլ հենց սկիզբ է առնում այն ամբողջ համակարգը, որից էլ վերջնական արդյունքում ծնվում է ոսկին։

Երիտասարդ ինժեներ երկրաբան Կամո Մանուկյանն ու միջազգային որակավորում ունեցող երիտասարդ ինժեներ Արամ Ալոյանը, գծագրերի ու տարատեսակ ծրագրերի մեջ ընկղմված, բացատրում են հանքի առանձնահատկությունները։ Նրանք նույնպես սերնդեսերունդ նույն գործն են անում։ Հորից որդուն փոխանցված մասնագիտությունն ու գիտելիքները որդիները հասցնում են գրեթե կատարելության։ Իրենց մասին խոսել չեն սիրում, իրենց փոխարեն խոսում են կոչումները։

Բազմաթիվ միջազգային կազմակերպությունների անդամ են, հենց նրան կողմից էլ որակավորված մասնագետներ։ Արամը, օրինակ, ունի ինժեների միջազգային ամենաբարձր որակավորումը, բոլոր այն կազմակերպություններում, որին անդամակցում է, հանդիսանում է պրոֆեսիոնալ անդամ։ Ասում են՝ հենց իրենց աշխատանքն է սկիզբը այն ամենի, ինչ կատարվում է Սոթքում։

Այ այսպես, մեկը մյուսից անկախ, նաև ամբողջ գերդաստաններով արդեն մի քանի տասնամյակ է՝ լեռնագործներն ու մետաղագործները քարից ոսկի են քամում։ Ու հենց իրենց պատվին յուրաքանչյուր հուլիս ամսվա երրորդ կիրակին նշվում է լեռնահանքագործների ու մետաղագործների օրը։ Պողպատե մարդիկ, որոնք քարից ոսկի են կորզում։     

Մանրամասները՝ տեսանյութում

Ոսկի կորզող պողպատե մարդիկ․ «Գեոպրոմայնինգը» նշում է լեռնահանքագործների ու մետաղագործների օրը (տեսանյութ)