ԱՄՆ-ում 32-ամյա տղամարդը պարկից ալիգատոր է գողացել, ծեծել կենդանուն և պոչից բռնած՝ փորձել նետել շենքի տանիքին՝ այդկերպ «դաս տալով» նրան

15:34 • 17.07.21

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները ձերբակալել են 32-ամյա տղամարդու, որը գոլֆի դաշտի պարկից ալիգատոր է գողացել, ծեծել կենդանուն և բռնելով պոչից՝ փորձել նետել բարերից մեկի տանիքին, հայտնում է nbcnews.com-ը՝ Դեյթոնա Բիչ Շորս քաղաքի հանրային անվտանգության վարչությանը հղումով:

Իրավապահները նկատել են Ուիլյամ Հոջին ուշ երեկոյան կոկորդիլոսին ինչ-որ տեղ տանելիս: Նրան ձերբակալել են այն ժամանակ, երբ տղամարդը փորձել է նետել երկկենցաղին շինության տանիքին: Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը բարի տանիքի մասին է:

Հաղորդվում է, որ Հոջը նաև ծեծել է կենդանուն՝ պոչից բռնած հարվածելով գետնին: 

Տղամարդը ոստիկաններին ասել է, որ այդկերպ փորձել է «դաս տալ» կենդանուն:

Նրան մեղադրանք է առաջադրվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև կողոպուտի համար:

Իսկ ծեծված կենդանին հանձնվել է պարկի ղեկավարությանը, որտեղից նրան գողացել էին ու կտտանքների ենթարկել: