Հայիթիի սպանված նախագահի այրին դուրս է գրվել հիվանդանոցից
Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզիի այրին՝ Մարտինա Մոիզին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ուրբաթ հայտարարել է «Հայիթի 24» պորտալը, գրում է Известия-ն:
Հաղորդվում է, որ կինը մտադիր է վերադառնալ Հայիթի՝ մասնակցելու ամուսնու հուղարկավորությանը, որը տեղի կունենա հուլիսի 23-ին:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել:
Հայիթիում նախագահ Ժովոնել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:
Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության համար կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են 28 ենթադրյալ հանցագործների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ: Հիմնական կասկածյալը Հայիթիի քաղաքացի 63-ամյա բժիշկ Քրիստիան Էմանուել Սանոնն է:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, և ոչ թե սպանելը:










