Զելենսկու այցը Վաշինգտոն կարող է կայանալ հուլիսի վերջին կամ օգոստոսի առաջին օրերին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ կարող է կայանալ հուլիսի վերջին օրերին, բայց բացառված չէ, որ այցը կարող է հետաձգվել մինչև օգոստոսի սկիզբ, ТАСС-ի փոխանցմամբ հայտնել է Զելեսնկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը:
«Այցը ծրագրվում է հուլիսի վերջին կամ օգոստոսի առաջին օրերին, մոտավորապես այդ միջակայքում»,- ասել է մամուլի քարտուղարը:
Նա հաստատել է ԶԼՄ այն տեղեկությունները, որ այցի ժամկետները որոշակիորեն հետաձգվել են՝ միևնույն ժամանակ կոչ անելով «դրանից ողբերգություն չսարքել»:
Նիկոֆորովը հերքել է տեղեկությունները, թե այցի ժամկետների հետաձգումը, հավանաբար, կապ ունի «Нафтогаз Украины» ընկերության ղեկավարության փոփոխման հետ:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հանդիպումը կախված է լոգիստիկ և արարողակարգային հանգամանքներից: Հանդիպումն ակտիվ նախապատրաստական աշխատանքների փուլում, ժամկետներն են համաձայնեցվում, որևէ մեկը որևէ մեկի առջև վերջնագիր չի ներկայացնում»,- ասել է Զելենսկու խոսնակը:
Ուկրաինայի նախագահը հունիսի 7-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինի կողմից հրավեր է ստացել այցելել ԱՄՆ հուլիսի վերջին:










