Գերմանիային պատուհասած ջրհեղեղի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել
Գերմանիայի տարածքում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Հյուկեսվագեն քաղաքում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, տարերային աղետի ժամանակ մի քանի ձեռնարկություններ են հեղեղվել, որոնք տեղակայված են քաղաքից հարավ ընկած շրջանում: Դա հանգեցրել է նավթի, ինչպես նաև այլ աղտոտող նյութերի արտահոսքի: Նշվում է, որ նավթը հասել է մոտակա գետի գլխավոր ամբարտակին:
Ներկա պահին ջրի և օդի փորձանմուշների ուսումնասիրություն է տեղի ունենում՝ պարզելու համար աղտոտվածության մակարդակը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հարավարևմտյան շրջաններում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել էին մի շարք շրջաններ և բնակավայրեր: Եղանակային անոմալ պայմանների պատճառած ավերածությունների հետևանքով ավելի քան 155 մարդ է մահացել:










