Ճապոնիայում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում հուլիսի սկզբին առաջացած հզոր սողանքից հետո հաստատվել է ևս 2 մարդու մահ, այդպիսով ողբերգության զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Կիոդո» գործակալությանը:
Հուլիսի 3-ի առավոտյան ժամը 10-ին (Երևանի ժամանակով ժամը 05:00-ին) Տոկիոյից հարավ-արևմուտք գտնվող Սիձուոկա պրեֆեկտուրայի Ատամի քաղաքում հզոր սողանք է տեղի ունեցել: Աղետի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Աղետից անմիջապես հետո քաղաքային իշխանությունները հայտնել են, որ, ըստ չճշտված տվյալների, անհայտ կորածների թիվը մոտ 20 է: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ փաստաթղթերի համաձայն ՝ տուժած տարածքում 215 մարդ է ապրում: Սողանքի հետևանքով քանդվել է շուրջ 130 տուն: 14 մարդու գտնվելու վայրը դեռ պարզված չէ: Ավելի քան 500 մարդ ժամանակավորապես տեղավորվել է հյուրանոցներում:










