«Իսկ ի՞նչ արժեքներ ունեք Դուք` Միշե՛լ». վրացի ավանդապաշտները բողոքի ակցիա են անցկացնում Բաթումում` Եվրոպայի խորհրդի նախագահի այցի ֆոնին

15:22 • 19.07.21

Բաթումում ուլտրա-ավանդապաշտ քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, նրանք պաստառներով եկել են Sheraton հյուրանոցի մոտ, որտեղ հանդիպում է անցկացնում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Ակցիան խաղաղ է անցնում: Հասարակական կարգը հյուրանոցի մոտ պահպանում է ոստիկանությունը:  

Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ ոստիկանությունը վերջերս խուզարկություններ է իրականացնում և հարցաքննում են արմատական շարժումների ակտիվիստներին, այդ թվում` «Ալտ-ինֆո» պարբերականի աշխատակիցներին, որոնք հանդես են գալիս «անառակության քարոզչության» և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դեմ:  

Ցույցի մասնակիցների պատրաստած պաստառներին գրված է. «Վրաստանում պետք է միայն ռազմական շքերթներ անցկացվեն», «Ազգ, ընտանիք, կրոն. սրանք են մեր արժեքները, իսկ ի՞նչ արժեքներ ունեք Դուք` Միշե՛լ»:

Եվրոպայի խորհրդի նախագահը Բաթում է ժամանել կիրակի երեկոյան` մասնակցելու «Եվրոպական Միության ձգողականության ուժը և տարածաշրջանի վերափոխումը» խորագրով միջազգային համաժողովին, որին մասնակցելու են նաև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարները:

«Իսկ ի՞նչ արժեքներ ունեք Դուք` Միշե՛լ». վրացի ավանդապաշտները բողոքի ակցիա են անցկացնում Բաթումում` Եվրոպայի խորհրդի նախագահի այցի ֆոնին