Ռուսաստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը համատեղ զորավարժություններ կիրականացնեն Աֆղանստանի հետ սահմանին
Ռուսաստանն օգոստոսի սկզբին Ուզբեկստանի և Տաջիկսատնի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին: Ինչպես փոխանցում է TVZvezda.ru-ն, այս մասին տեղեկացրել է ՌԴ Կենտրոնական շրջանի զորքերի հրամանատար Ալեքսանդր Լապինը:
Զորավարժարանը գտնվում է Տաջիկստանի հարավային շրջանում` Աֆղանստանի հետ սահմանից 80 կմ հեռավորությամբ: Ուսումնական վարժանքներին կմասնակցեն երեք երկրի զինվորականները, որոնք պետք է սահմանից «ներխուժած» պայմանական ահաբեկիչների դեմ համատեղ պայքարի ծրագիր մշակեն:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում է 201-րդ ռազմաբազայի ստորաբաժանումը, այդ թվում` լեռնային մոտհրաձգային, տանկային, հրետանային ստորաբաժանումները և հատուկջոկատայինները: Դեռևս հայտնի չէ, թե որքան զինվորականներ կմասնակցեն զորավարժություններին:










