Աֆղանստանի զինված ուժերը թալիբներից մի քանի շրջան են հետ գրավել երկրի հյուսիսում և կենտրոնում
Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել մի քանի շրջաններ երկրի հյուսիսում և կենտրոնում: Ինչպես նշված է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հուլիսի 19-ին տարածված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում է Դարայի Սուֆ Բալայի (Սամանգանի նահանգ), Սուրխի Փարսայի և Շեյխ Ալիի (Փարվանի նահանգ), ինչպես նաև Մալիստանի (Ղազնիի նահանգ) շրջաններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերի ներկայացուցիչ գեներալ Աջմալ Շինվարին հայտնել է, որ վերջին չորս օրն Աֆղանստանի զինված ուժերի զինծառայողները ոչնչացրել են «Թալիբանի» 967 զինյալների և վիրավորել ևս մոտավորապես 500 հոգու: Կատաղի մարտերը շարւնակվում են երկրի 34 նահանգներից 20-ում: Մասնավորապես, ընթանում է Թախարի նահանգում Թալուքան քաղաքի պաշտպնությունը թալիբների հարձակումներից: Մինչդեռ հուլիսի 18-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել են երկօրյա բանակցություններն Աֆղանստանի քաղաքական գործիչների և «Թալիբանի» ներկայացուցիչների միջև:
Կողմերը համաձայության են եկել շարունակելու հաշտության բանակցությունները, սակայն հրադադարի մասին առայժմ խոսք չի եղել: Կառավարական ուժերի և թալիբների միջև ընդհարումները դարձել են ավելի հաճախակի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարեց Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատև արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերումը: Միևնույն ժամանակ Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանն» ուժեղացնում է հարձակման տեմպերը:










