Չինաստանում ընտանիքներին թույլատրվել է 3 երեխա ունենալ
Չինաստանի իշխանությունները վերացրել են տուգանքներն ու այլ պատժամիջոցները երեք երեխաների ծննդյան համար: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ` մինչև 2025 թվականը, կառավարությունը կստեղծի սոցիալական քաղաքականության լիարժեք համակարգ`ծնելիությունը խթանելու համար, գրում է South China Morning Post-ը:
«Մինչև 2025 թվականը, ընդհանուր առմամբ, կմշակվի ծնելիության խթանման ակտիվ միջոցառումների քաղաքականություն», - ասվում է որոշման մեջ:
Ծնելիության մակարդակի նվազումը Պեկինին 2016-ին դրդել է հեշտացնել ծնելիության վերահսկման իր քաղաքականությունը` փորձելով խուսափել արագ ծերացող բնակչության ֆոնին զգալի տնտեսական դանդաղումից: Բայց ծնելիության մակարդակը շարունակում է նվազել: Չինաստանում մարդահամարի վերջին տվյալները, որոնք հրապարակվել էին մայիսին, ցույց են տալիս, որ բնակչությունն աճել է 2020 թվականին, սակայն նոր ծնունդների թիվը չորրորդ տարին անընդմեջ նվազում է: Ծնվել է մոտ 12 միլիոն երեխա ՝ 2019-ի 14,65 միլիոնի համեմատ: Կառավարությունն այս ամիս հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիներին սպասում է աշխատուժի կրճատում շուրջ 35 միլիոն մարդով:










