Pegasus-ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. Հնդկաստանի ընդդիմությունը վարչապետին մեղադրել է «դավաճանության և աններելի սրբապղծության» համար

17:13 • 20.07.21

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը երկրի ընդդիմության կողմից մեղադրվել է  «դավաճանության և աններելի սրբապղծության» համար այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ ավտորիտար կառավարությունները վերահսկել են լրագրողներին, ընդդիմությանը և այլախոհներին իսրայելական Pegasus ծրագրի միջոցով: Այդ պետությունների շարքում է նաև Հնդկաստանը:

Ինչպես նշում է  The Guardian-ը, նման եզրակացության են եկել արտասահմանյան լրատվամիջոցները համատեղ հետաքննության շրջանակներում` բացահայտելով, որ Pegasus-ն օգտագործվել է Հունգարիայում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում և այլ պետություններում` ապօրինի վերահսկողության համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ նշված ծրագիրը պատկանում է իսրայելական NSO Group ընկերությանը, որի հաճախորդները 2016-ից ի վեր եղել են ավտորիտար պետությունները: Ընդհանուր առմամբ, 50 000 մարդու վերաբերյալ անձնական տվյալների արտահոսք է եղել: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկրների կառավարությունների համար: Ենթադրվում է, որ Pegasus ծառայության միջոցով հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները գաղտնալսվել են:

Հայտարարության մեջ Հնդկաստանի Կոնգրեսը Մոդիի կառավարությանը մեղադրել է «լրտեսական ռեկետի» «տեղակայողը և կատարողը» լինելու համար:

«Սա ակնհայտ դավաճանություն է և Մոդիի կառավարության կողմից ազգային անվտանգությունից լիակատար հրաժարումը, առավել ևս, երբ օտարերկրյա ընկերությունը հնարավոր է, որ այդ տվյալների հասանելիություն է ստացել: Սա ներելի սրբապղծություն է և ներքին գործերի նախարարի և վարչապետի կողմից սահմանադրական երդման մերժում», -  ասվում է Կոնգրեսի հայտարարության մեջ:

Pegasus-ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. Հնդկաստանի ընդդիմությունը վարչապետին մեղադրել է «դավաճանության և աններելի սրբապղծության» համար