«Ուղղաթիռներով զենք է մատակարարվել. Մոսկվան Աֆղանստանում ԱՄՆ-ի և ԻՊ-ի համագործակցության մասին փաստերի է տիրապետում». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը տիրապետում է Աֆղանստանում ԱՄՆ-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համագործակցության փաստերի: Այս մասին, հուլիսի 20-ին, հայտարարել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում կայացած առցանց քննարկման ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Համոզված եմ, որ այդպիսի փոխգործակցություն եղել է: Մենք հենց այնպես չենք սկսել խոսել այս մասին: Մենք շատ հստակ տեղեկություններ ենք ստացել համագործակցության այդպիսի փաստերի մասին: Ուղղաթիռներով (զենքի) բեռնաթափման փաստերի մասին: Եվ մենք դա ստացել ենք տեղացի աֆղաններից, ներառյալ տեղական ղեկավարները, որոնք չէին հասկանում, թե ինչու են ուղղաթիռները զենք ու զինամթերք մատակարարում ԻՊ-ի կողմից գրավված տարածքներ»,-ասել է Քաբուլովը:
Իր հերթին, EADaily լրատվականը գրում է, որ Քաբուլովը նաև նշել է, որ միջաֆղանական բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում «Թալիբան» շարժումը կարող է վերցնել իշխանությունը Աֆղանստանում: Միևնույն ժամանակ, թալիբների ստորաբաժանումների կողմից չկա Ուզբեկստանի կամ Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանները հատելու գեթ մեկ փաստ: Բուն Աֆղանստանում շարժումը դեռ չի կարողացել գրավել նահանգների խոշոր վարչական կենտրոնները:
«Թալիբերը դեռ ի վիճակի չեն վերցնել խոշոր նահանգային վարչական կենտրոնները: Չնայած չեմ բացառում, որ ապագայում, շատ մոտ ապագայում, նրանք կարող են վերահսկողություն հաստատել երկու կամ երեք վարչական կենտրոնի վրա, բայց նրանք չունեն բավարար ուժեր գրավելու և, որ ամենակարևորն է, երկար ժամանակով պահելու երկրի խոշոր նահանգները»,-ասել է դիվանագետը:
Ավելի վաղ «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ վերահսկում է երկրի 85%-ը:










