Հնդկաստանում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմին է ձևավորվել բնակչության 2/3-րդի մոտ
Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ ուսումնասիրությունների համաձայն` երկրի 6 տարեկանից բարձր բնակչության երկու երրորդի մոտ հակամարմիններ են ձևավորվել SARS-CoV-2 վիրուսի նկատմամբ:
Ինչպես հայտնում է «Ռեգնում» գործակալությունը`վկայակոչելով տեղի աղբյուրին, 400 մլն մարդ նախկինի պես խոցելի է վարակի հանդեպ, և «հանգստանալու ժամանակը չէ»: Ինչպես կառավարությունից զգուշացրել են, դա «մատնանշում է վարակման ապագա ալիքների հավանականությունը»: Իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել ճանապարհորդել միայն այն դեպքում, եթե ամբողջովին պատվաստվել են:
Ընդհանուր առմամբ, հակամարմին է ձևավորվել բնակչության 67,6 տոկոսի մոտ` ըստ հունիս-հուլիս ամիսներին անցկացված ուսումնասիրության տվյալների: Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 28 975 մարդ (մեծահասակ և երեխա)` չհաշված 7252 բուժաշխատողի:










