Ամերիկյան օդուժը Բայդենի նախագահության օրոք առաջին անգամ Սոմալիում ավիահարված է հասցրել «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման դիրքերին
ԱՄՆ ԶՈՒ աֆրիկյան հրամանատարությունը Սոմալիի կառավարության հետ համագործակցությամբ ավիահարված է հասցրել «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորմանը:
Ինչպես հայտնում է Agence France Press-ը (AFP), Սոմալիում ամերիկյան ուժերը ավիահարված առաջին անգամ են հասցրել Բայդենի նախագահության օրոք:
Ամերիկյան հրամանատարությունը հայտնել է, որ ավիահարվածի հետևանքով խաղաղ որևէ բնակիչ չի տուժել, իսկ օպերացիայի արդյունավետությունը գնահատել դեռևս չեն կարողանում Սոմալիի կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորման զինյալների միջև շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:
«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է 2004 թ., իսկ 2008 թ-ից վերջինի գրոհայինները պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում: Մինչև 2010 թ. խմբավորումը Սոմալիում զգալի տարածքներ էր վերահսկում, բայց մեկ տարի անց ստիպված էր հեռանալ մայրաքաղաք Մոգադիշոյից և պարտիզանական պայքարի անցնել կառավարական ուժերի և վերջինի դաշնակից պետությունների զորամիավորումների հետ:










