ԱՄՆ-ը, չնայած Գերմանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, չի հրաժարվելու «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման դեմ սահմանած պատժամիջոցներից. Պետքարտուղարություն
ԱՄՆ-ը չի հրաժարվելու «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման դեմ սահմանած պատժամիջոցներից ու սահմանափակումներից, չնայած Գերմանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք մեզ համար հասանելի որևէ սահմանափակումից չենք հրաժարվելու, գործնականում մեր արսենալում նոր գործիքներ ենք ավելացնում: Փաստն այն է, որ այն պահին, երբ մենք իշխանության եկանք, գազամուղի կառուցումը շուրջ 90%-ով կատարվել էր, և մենք, հիմնվելով առկա տեղեկատվության վրա, եկանք այն եզրակացության, որ պատժամիջոցները չեն կանգնեցրել այդ աշխատանքները»,- ասել է Փրայսը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել գազամուղի հետագա շահագործման վերաբերյալ՝ պայմանով, որ Բեռլինն աջակցելու է Կիևին էներգետիկ ոլորտում:










