Քննադատություններից հետո Պարեկային ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը կփոփոխվի (տեսանյութ)

11:15 • 26.07.21

Երևան քաղաքում այս պահին մոտ 700 պարեկային ծառայողներ իրականացնում են իրենց ծառայությունը, և բարեփոխումների տրամաբանությամբ պարեկային ծառայությունը պետք է ներդրվի բոլոր մազերում։ Առաջիկայում նախատեսում ենք այս բարեփոխման փուլը ներդնել Շիրակի և Լոռու մարզերում, որի համար նախատեսվել է մրցույթ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը։

Անդրադառնալով դիմորդների համար նախատեսված չափանիշներին՝ Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը նշեց, որ պարեկային ծառայության համար կարող են դիմել 18-35 տարկան միջնակարգ կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։

Հարցին՝ ինչով է պայմանավորված դիմորդների թվի մեծ ակտիվությունը, Մարկոսյանը նշեց․ «Գլխավոր գործոնը պարեկային ծառայության գրավչությունն է, դիմորդների ամենամեծ մոտիվացիան ոստիկանի կերպարը խորհրդանշելու մղումն է և ապա՝ սոցիալական երաշխիքները»։

Խոսելով պարեկային ծառայողների միջին աշխատավարձի և պարեկային ծառայության ընդհանուր գործընթացի մասին՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը նշեց․

«Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտավորապես 230․000 դրամ և ըստ իրենց զբաղեցրած պաշտոնների՝ այս թիվը փոխվելու է։ Բայց որքան էլ սոցիալական բաղադրիչը կարևոր է, անձնակազմի մոտիվացիան այնքան բարձր է, որ ոչ ոք դեռ հարց չի բարձրացրել, թե որքան է լինելու իր աշխատավարձը։ Ծառայողական խնդիրների վերաբերյալ շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, մենք լուծում ենք բոլոր խնդիրները և բարձրացնում ծառայության որակը, քաղաքացիների կողմից հնչեցվող հիմնական դժգոհությունը կապված է երթևեկության ծանրաբեռնվածության հետ»։

Անդրադառնալով վերջերս տարածված քննարկումներին այն մասին, որ նոր պարեկները խաչմերուկների հատվածում առավել շատ խցանումներ են առաջացնում, քան կարողանում են կարգավորել երթևեկությունը, Ումրշատյանը նշեց, որ դրանք հիմնականում սուբյեկտիվ կարծիքներ են։

«Պարեկային ծառայությունը փորձառություն ձեռք բերելու խնդիր ունի և հասարակության պահանջը այդ առումով ավելին է»,- ասաց նա։

Որպես հավելում այս հարցին՝ Ամալյա Հովսեփյանը ասաց, որ հնգամսյա կրթությունը, որը անցնում է միջնակարգ կրթություն ունեցող մարդը, ունակ է տալ այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են ծառայություն իրականացնելու համար։

«Մեր հասարակությունը մտածում է, որ պարեկային ծառայությունը նույն ճանապարհային ոստիկանությունն է՝ այլ փաթեթավորմամբ։ Պարեկային ծառայությունը շատ ավելին է, քան ճանապարհային ոստիկանությունը, այն ավելի մեծ գործառույթներ է ներառում, քան միայն ճանապարհային երթևեկության կարգավորումը»,- ասաց նա, և խոսելով պարեկային ծառայության դիզայնի և դրա շուրջ ծավալված քննադատությունների մասին, ասաց․

«Դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ միայն քաղաքացիների, այլև որոշ պետական մարմինների կողմից, ինչը նորմալ է, որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել թե՛ իր գործառույթներով, թե՛ իր ամենօրյա քայլերով, թե՛ ձևավորմամբ: Այո, հաշվի առնելով թե՛ քաղաքացիներից, թե՛ Լեզվի կոմիտեից եկած քննադատությունը, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը: Շատ հնարավոր է, որ առաջիկայում ունենանք նոր տեսքով պարեկային ծառայության մեքենաներ, թե՛ դիզայնը, թե՛ գրվածքները փոփոխվելու են»։

Նշենք,որ առաջիկայում Շիրակի և Լոռու մարզերից հետո պարեկային ծառայությունը կներդրվի ՀՀ մնացած բոլոր մարզերում։

 

patrol

Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտավորապես 230․000 դրամ և ըստ իրենց զբաղեցրած պաշտոնների՝ այս թիվը փոխվելու է։

Քննադատություններից հետո Պարեկային ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը կփոփոխվի (տեսանյութ)