Եվրոպացի ոստիկաններն ավելի քան 1 տոննա կոկաին են հայտնաբերել Ատլանտյան օվկիանոսով երթևեկող նավում

16:21 • 26.07.21

Իսպանիայի ազգային ոստիկանությունը մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ համատեղ գործողությունների արդյունքում Ատլանտյան օվկիանսում առագաստանավ է կանգնեցրել, որով թմրավաճառները կոկաին էին տեղափոխում Լատինական Ամերիկայից Եվրոպա:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, 18 մետր երկարությամբ նավը կրկնակի հատակ է ունեցել: Թմրանյութը հայտնաբերելու համար իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստիպված են եղել կոտրել հատակի առաջին շերտը: Արդյունքում հայտնաբերվել է 1018 փաթեթ կոկաին, որոնցից յուրաքանչյուրը` մեկ կգ քաշով:

Ոստիկանական արշավի արդյունքում անձնակազմի 3 անդամ է ձերբակալվել, ինչպես նաև 5 մարդ` Մալագայի տարբեր շրջաններում: Նրանց թվում են նաև հանցավոր խմբավորման առաջնորդները: 

Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է անցյալ տարվա ավարտին, երբ հայտնի է դարձել Եվրոպա թմրանյութի մատակարարումներով զբաղվող խմբավորման հանցավոր գործունեության մասին:    

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 10 կգ կետամին, 65 000 եվրո կանխիկ գումար, երեք թանկարժեք ավտոմեքենա, փողերի լվացման հետ կապված փաստաթղթեր և 500 000 եվրո արժողությամբ մի քանի անշարժ գույքի վկայական:  

 

 

 

Եվրոպացի ոստիկաններն ավելի քան 1 տոննա կոկաին են հայտնաբերել Ատլանտյան օվկիանոսով երթևեկող նավում