Թունիսում նախագահը պաշտոնանկ է արել վարչապետին, կասեցրել խորհրդարանի աշխատանքն ու միացել իրադարձությունը տոնող ցուցարարներին

11:34 • 26.07.21

Թունիսում բողոքի ակցիաների ֆոնին նախագահը պաշտոնանկ է արել վարչապետին և կասեցրել խորհրդարանի աշխատանքը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ ցուցարարները զայրացած են կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած սխալ քաղաքականությունից։

Ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։

Նախագահ Քաիս Սայեդը, մասնավորապես, ասել է, որ մտադիր է նոր վարչապետի օգնությամբ խաղաղություն հաստատել երկրում, սակայն այս քայլը նրա հակառակորդների կողմից որպես հեղաշրջում է որակվել։

«Մենք այս որոշումը կայացրել ենք, քանի դեռ սոցիալական խաղաղությունը չի վերադարձել Թունիս, և մենք չենք փրկել պետությունը»,- ասել է նախագահը հեռուստաուղերձում։

Վարչապետին պաշտոնանկ անելուց հետո նախագահը միացել է մայրաքաղաք Թունիսում իրադարձությունը տոնող բազմությանը։

Անվտանգության ուժերն արգելափակել են խորհրդարանի շենքն ու Հաբիբ Բուրգիբա պողոտայի հարակից փողոցները։ 2011 թվականի հեղափոխության ժամանակ հենց այս պողոտան էր հակակառավարական ցույցերի կենտրոնը:

Հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ձերբակալել մի քանի մարդու։ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են իշխող «Վերածնունդ» կուսակցության գրասենյակներ։ Կուսակցությունը դատապարտել է գրասենյակների վրա հարձակումները՝ «հանցավոր խմբավորումներին քաոս առաջացնելու» համար մեղադրելով։ Նախագահը խոստացել է հետագա բռնություններին ռազմական ուժով արձագանքել և շեշտել, որ սահմանադրությամբ նա խորհրդարանի աշխատանքը կասեցնելու իրավասություն ունի։

Խորհրդարանի խոսնակ Ռաշեդ Ղանուշին իրադարձությունը որակել է «հեղափոխության և սահմանադրության դեմ պետական հեղաշրջում»։

Հիշեցնենք, որ Թունիսում հեղափոխություն էր տեղի ունեցել տասը տարի առաջ, որից սկիզբ էր առել «Արաբական գարուն»-ը։ Մեկ տասնամյակ անց, սակայն, Թունիսը պայքարում է տնտեսական խոր ճգնաժամի և կորոնավիրուսային վարակի ամենավատ բռնկումներից մեկի դեմ։

Թունիսում նախագահը պաշտոնանկ է արել վարչապետին, կասեցրել խորհրդարանի աշխատանքն ու միացել իրադարձությունը տոնող ցուցարարներին