«Անկարան Կիևին սադրում է ռազմական հանցագործություններ կատարելու». ՌԴ պետդումայի պատգամավոր

16:21 • 27.07.21

Թուրքիան, հարվածային անօդաչու սարքեր մատակարարելով, սադրում է Ուկրաինային պատերազմական հանցագործություններ կատարելու: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Պետդումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան՝ մեկնաբանելով թուրք փորձագետ, պրոֆեսոր Հասան Ունալի հայտարարությունը, որն առաջարկել է Ռուսաստանին համակերպվել Ուկրաինային թուրքական անօդաչու սարքերի մատակարարման հետ:

Քաղաքական գործիչը կասկածի տակ է դնում թուրք փորձագետի այն թեզը, որ նման մատակարարումների շնորհիվ Թուրքիան լավ հարաբերություններ է կառուցում Ուկրաինայի հետ:

«Այսօր Ուկրաինան լիովին զուրկ է աշխարհաքաղաքական սուբյեկտիվությունից, գտնվում է ԱՄՆ-ի արտաքին վերահսկողության տակ: Միևնույն ժամանակ, Փարիզը և Բեռլինը չեն կարողացել համոզել պաշտոնական Կիևին կատարել Մինսկի համաձայնագրերը, կատարել Շտայնմայերի բանաձևը: Այս ֆոնին խոսել Անկարայի միջնորդության մասին, տեղին չէ»,-ասել է Պանինան:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ռազմական հզորությունը բավարար է թուրքական արտադրության անօդաչու սարքերի ցանկացած հարձակումը հետ մղելու համար:

«Այնուամենայնիվ, Դոնբասում չկան ռուսական զորքեր և ռուսական զենքեր: Հաշվի առնելով այս տարածքում ուկրաինական զորքերի` ցեղասպանությանը հարող բարբարոսական գործողությունների առանձնահատկությունները, թուրքական մատակարարումները Դոնեցկի և Լուգանսկի բնակչության համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում: Կիևին «Բայրաքթար»-ներ մատակարարել, նշանակում է սադրել նրան նոր ռազմական հանցագործություններ կատարելու»,-նշել է պատգամավորը:

Թուրքական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ուկրաինային, ինչպես նաև Լեհաստանին, որը նույնպես չի պատրաստվում  դրանք օգտագործել «ինքնապաշտպանության նպատակով», գործողություններ են, որոնք վնասում են ռուս-թուրքական գործընկերության զարգացմանը, և Անկարան պետք է հասկանա դա, նշել է Պանինան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև զենքի մատակարարման շուրջ բանակցությունները չպետք է ազդեն Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա և Ռուսաստանին կոչ էր արել համակերպվել այդ մատակարարումների հետ:

«Անկարան Կիևին սադրում է ռազմական հանցագործություններ կատարելու». ՌԴ պետդումայի պատգամավոր