ԱՄՆ-ում հայտարարել են անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման գործընթացի վերսկսման մասին

09:01 • 27.07.21

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման ընթացակարգը երկուշաբթիից վերսկսելու մասին: Գերատեսչության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօրվանից (հուլիսի 26-ից- խմբ․) որոշ ընտանիքներ ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն օրինական ընթացակարգ է այն ընտանիքների արտաքսման համար, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում:

Ամերիկյան իշխանությունները նաև նախազգուշացրել են անօրինական կերպով ԱՄՆ ներխուժելու փորձերից զերծ մնալու մասին։

Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է աշխատել անվտանգ և մարդասիրական ներգաղթի համակարգ ստեղծելու ուղղությամբ։