Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է այդ երկրի քաղաքացիությունից

10:33 • 27.07.21

Էկվադորի արդարադատությունն անցյալ շաբաթ անվավեր է ճանաչել այդ երկրի քաղաքացիությունը, որը շնորհվել էր սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, և երկուշաբթի պաշտոնապես տեղեկացրել է այդ մասին ակտիվիստի պաշտպաններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ակտիվիստի փաստաբան Կառլոս Պովեդան:

«Վարչական դատարանի դատավորները համաձայնել են ԱԳՆ փաստարկների հետ և անվավեր են ճանաչել Ջուլիան Ասանժին տրված հպատակագրման նամակը: Ծանուցումը մենք ստացել ենք այսօր (երկուշաբթի)»,-ասել է Պովեդան:

Ասանժն Էկվադորի կառավարությունից հպատակագրման նամակ է ստացել 2017 թվականի դեկտեմբերին՝ Լոնդոնում այս երկրի դեսպանատանը թաքնվելիս:

2019 թվականի ապրիլի 10-ին՝ բրիտանական ոստիկանությանը արտահանձնման նախօրեին, Էկվադորի ԱԳՆ-ն թողարկել է փաստաթուղթ, որով Ասանժի հպատակագրման նամակը ճանաչել է որպես «վնասակար վարչական ակտ»:

Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել:

ԱՄՆ-ն էլ նրան մեղադրում է գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար, ինչի համար նրան այդ երկրում ցմահ բանտարկություն է սպառնում:

Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է այդ երկրի քաղաքացիությունից