Թալիբները հայտարարել են աֆղանական օդուժի ուղղաթիռ խոցելու մասին

12:41 • 27.07.21

Արմատական «Թալիբան» շարժումը հայտարարել  է, որ գրոհայինները Հիլմենդ նահանգում Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ են խոցել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հիլմենդ նահանգի Նադ-է Ալի շրջանի կենտրոնի մոտակայքում շարժման անդամները խոցել են թշնամու ռազմական ուղղաթիռը: Նադ-է Ալի շրջանի կենտրոնը գրավվել է, ոստիկանապետը` գերեվարվել»,- թվիթերյան էջում գրել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը:

Թալիբները նաև վստահեցնում են, որ հարձակումների ընթացքում սպանվել և վիրավորվել են բազմաթիվ աֆղանցիներ, առգրավվել է զենք և զինամթերք:

Այնուամենայնիվ, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը Հիլմենդում արտակարգ վայրէջք է կատարել: Տեղական  «Փաժվաք» գործակալությունը՝ հղում տալով աֆղանական բանակին, տեղեկացնում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել «Թալիբան»-ի գրոհայինների դեմ գործողության ժամանակ, հավանաբար՝ տեխնիկական պատճառներով:

Միջադեպի հետևանքով,  ինչպես նշում են բանակում, ոչ ոք չի տուժել: Օդանավում գտնվողները տարհանվել են, իսկ ուղղաթիռը ոչնչացվել է:

Աֆղանստանում մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:

Թալիբները հայտարարել են աֆղանական օդուժի ուղղաթիռ խոցելու մասին