Թալիբները պայթեցրել են էլեկտրահաղորդիչ գծերի աշտարակը և հոսանքազրկել Քաբուլը

18:45 • 27.07.21

Աֆղանստանում գործող «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները պայթեցրել են էլեկտրահաղորդիչ գծերի աշտարակը՝ այդպիսով հոսանքազրկելով մայրաքաղաք Քաբուլը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով աֆղանական պետական էներգետիկ ընկերության հաղորդագրությանը:

Ընկերությունից հայտնել են, որ ներկրվող էլեկտրաէներգիայի մատակարարումը Քաբուլ և մի շարք նահանգներ դադարել է՝ Բագլան նահանգում գտնվող էլեկտրափոխանցման գծերի հենասյուների վնասվելու պատճառով: Ընկերության տեխնիկական անձնակազմը փորձում է լուծել խնդիրը և միացնել էլեկտրականությունը:

Նշվում է, որ էլեկտրաէներգիայի պահանջը Աֆղանստանը բավարարում է հարևան երկրներից՝ Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից ներկրվող էլեկտրաէներգիայի հաշվին:  

Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումն իր գործունեությունն ակտիվացրել է երկրից ամերիկյան զորքերի դուրս գալուն զուգընթաց: Թալիբները վերահսկողություն են հաստատում երկրի տարբեր հատվածներում, ինչպես նաև սահմաններին:

 

Թալիբները պայթեցրել են էլեկտրահաղորդիչ գծերի աշտարակը և հոսանքազրկել Քաբուլը