Ինդոնեզիայում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը. արտանետված մոխրի սյան բարձրությունը հասել է 4500 մետրի
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը, որից 4500 մետր բարձրությամբ մոխիր է ժայթքել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է երկրի երկրաբանական ռիսկերի նվազման և հրաբխագիտության կենտրոնի ներակայացուցիչը:
Վերջինիս խոսքով` հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:20-ին, մոխրի սյան բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի: Ժայթքումը տևել է 12 րոպե 22 վայրկյան:
Հաղորդվում է, որ հրաբխի վտանգը երրորդ աստիճանի է գնահատվում, ժայթքումներ հնարավոր են առաջիկա երկու շաբաթում:
Իշխանությունները կոչ են արել երկրի բնակիչներին խուսափել հրաբխի գագաթից 3 կմ շառավղով տարածքներում հայտնվելուց:
Հրաբխի առաջին ժայթքումը վերջին 400 տարում առաջին անգամ տեղի է ունեցել 2010 թվականին: 2014 թվականի փետրվարին հրաբխի ժայթքման հետևանքով մահացել է 14 մարդ:
Ինդոնեզիայում առանձնացնում են հրաբխի վտանգավորության 4 մակարդակ` նորմայի մակարդակ, զգոնության մակարդակ, բարձր զգոնության մակարդակ և տագնապի մակարդակ:










