IDBank-ը կաջակցի Հայ-ռուսական համալսարանում տվյալների վերլուծաբան մագիստրոսների պատրաստմանը (տեսանյութ)
Հայ-ռուսական համալսարանն ու «IDBank»-ը գործակցության հուշագիր են ստորագրել, որի շնորհիվ բանկը կաջակցի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագրի կյանքի կոչմանը, ինչը նոր դռներ կբացի Հայաստանի համար և թույլ կտա մրցունակ դառնալ արագ զարգացող թվային աշխարհում:
«IDBank»-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ «IDBank»-ը անմիջական մասնակցություն կունենա դասապրոցեսի բովանդակության ստեղծմանն ու գործնական գիտելիքներ կփոխանցի ուսանողներին իր հարկի ներքո:
«Գրեթե բոլոր բիզնես ուղղություններում, եթե դու չես կարողանում տվյալներ հավաքագրել և տվյալներ վերլուծել, ապա դու արդյունավետ և հաջողակ չես լինի: Դա վերաբերում է թվային բենքինգի ոլորտին, և մենք շահագրիռ կողմ ենք, որ նման մասնագետները լինեն շատ, որովհետև ամբողջ աշխարհում դրա դեֆիցիտը կա»- հայտնել է Կարեն Նալբանդյանը:
«Հայ-ռուսական» համալսարանի «Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիները տնտեսագիտության մեջ և բիզնեսում» ամբիոնի վարիչ Անի Ավետիսյանի խոսքով՝ լավ մասնագետի պատրաստման առաջին գրավականը պետություն-մասնավոր հատված գործակցությունն է: Հենց այս տրամաբանությամբ են որոշել գործակցել «IDBank»-ի հետ:
«IDBank»-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Մարիանա Էդիլյանի պնդմամբ՝ Հայաստանում տվյալների վերլուծաբան մասնագիտացմամբ սակավաթիվ մասնագետներ կան: Հատկապես բանկային ոլորտում յուրաքանչյուր ֆինանսական կառույց կա՛մ ինքն է պատրաստում իր կադրերին, կա՛մ գործուղում է որևէ միջազգային կրթական ծրագրի՝ այդ մասնագիտության հմտությունները ձեռք բերելու համար: Հետևաբար այս քայլով «IDBank»-ը հնարավորություն է տալիս լրացնել աշխատաշուկայում այս բացը:
«IDBank»-ի բանկի տվյալների վերլուծաբան Վարդգես Բոխյանը Tert.am-ին ասել է, որ առաջինն է ուրախացել իրենց բանկի նոր նախաձեռնության համար, քանի որ շուտով կկարողանա իր գիտելիքը փոխանցել ուսանողներին: Նա նշել է նաև պրոֆեսորադասախոսական կազմում կլինեն նաև արտերկրից մասնագետներ: Մեկ տարի հետո աշխատաշուկայում կհայտնվեն պատրաստի կադրեր:
«IDBank»-ի աշխատակիցները պնդում են՝ իրենց համար առաջնային է կրթությունը, հետևաբար, ուշադրության կենտրոնում են պահելու այս ոլորտն ու իրենց լուման ներդնեն գիտելիքահեն երկիր կերտելու գործում:
Մանրամասները՝ տեսանյութում:










