Օմանի ափերի մոտ նավթային լցանավի վրա հարձակման համար Իսրայելը մեղադրել է Իրանին

11:28 • 31.07.21

Իսրայելն Իրանին մեղադրել է նավթային լցանավի վրա հարձակման համար, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի 2 անդամ՝ Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիներ։

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լաբիդը մեղադրել է Իրանին՝ ասելով․ «Իրանը միայն Իսրայելի խնդիրը չէ։ Աշխարհը չպետք է լռի»։

MV Mercer Street նավթային լցանավը, որը գտնվում է Օմանի ափերի մոտ, շահագործվում է Լոնդոնում տեղակայված Zodiac Maritime ընկերության կողմից և պատկանում է իսրայելցի նավատեր Էյալ Օֆերին։

Այնուամենայնիվ, նավթային լցանավի վրա իրականացված հարձակման մանրամասները դեռ պարզ չեն, իսկ Իրանը չի մեկնաբանել միջադեպը։ Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի խոսնակն ասել է, որ փորձում է փաստեր հավաքագրել։ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների (UKMTO) ռազմածովային մարմինը հայտարարել է, որ հետաքննում է Օմանի Մասիրահ կղզու մոտակայքում տեղի ունեցած միջադեպը և հավելել, որ «կոալիցիոն ուժերը» օգնում են։

Օմանի ափերի մոտ նավթային լցանավի վրա հարձակման համար Իսրայելը մեղադրել է Իրանին