Շատ պատգամավորներ չեն ուզում հաշվետու լինել իրենց ընտրողներին, թե ինչով են զբաղված խորհրդարանում․ Թագուհի Թովմասյանը՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին (տեսանյութ)

13:05 • 02.08.21

 

ԱԺ-ում այս պահին չկա որոշում՝ լրագրողների տեղաշարժի որևէ սահմանափակման մասին, իսկ եթե չկա որոշում, այն նաև կիրառվել չի կարող։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի աննախադեպ սահմանափակումներ են սահմանվել։

«Ի զարմանս ինձ, փաստորեն, կան տեղաշարժի սահմանափակումներ, տարակուսելին այն է, որ այդ սահամնափակումը վերաբերում է հատկապես իշխանական խմբակցության մատույցներին, արգելվում է շփվել իշխանական պատգամավորների հետ։ Արդեն տարբերակում կա՝ որ պատգամավորները լրագրողների հետ շփվելու խնդիր չունեն»,-ասաց նա՝ նշելով, թե չի հասկանում՝ այդ սահմանափակումներն ինչ նպատակ են հետապնդում։

«Եթե լրագրողներն աշխատում են ԱԺ-ում, ինչքա՞ն պետք է փախչեն լրագրողներից, սա հանրային աշխատանք է, պատգամավորներն ընտրված մարդիկ են ու հաշվետու են, պարտավոր են իրենց գործողությունների մասին հանրայնորեն տեղյակ պահել։ Հիմա ստացվում է՝ շատ պատգամավորներ չեն ուզում հաշվետու լինել իրենց ընտրողներին, թե ինչով են զբաղված խորհրդարանում։ Լրագրողները զրկված են բացառիկ նյութեր անելու հնարավորությունից»,-ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ ԱԺ նորընտիր ղեկավարությունը կվերանայի այդ որոշումը։

Շատ պատգամավորներ չեն ուզում հաշվետու լինել իրենց ընտրողներին, թե ինչով են զբաղված խորհրդարանում․ Թագուհի Թովմասյանը՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին (տեսանյութ)