Ռուս պրանկերները խաբել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին (տեսանյութ)

13:13 • 03.08.21

Հայտնի ռուս պրանկերները, ներկայանալով որպես ռուսական ընդդիմության ներկայացուցիչներ, կարողացել են հեռախոսազրույց ունենալ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ և խաբել նրան, գրում է շվեդական Expressen-ը՝ նկատելով, որ այս երկուսը նախկինում նման զրույցներ են ունեցել այլ համաշխարհային ղեկավարների հետ:

Պրանկերները հայտնի են Վովան և Լեքսուս կեղծանուններով և կասկածվում են «ռուսական ռեժիմի» հետ համագործակցության համար, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ նրանք Լինդեի հետ զրույցը տեղադրել են յութուբյան էջում: 

«Արտաքին գործերի նախարարի համար կարևոր է բաց լինել տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփման և երկխոսության համար: Ցավալի է, որ այս բացությունն այսպես է օգտագործվում: Արտաքին գործերի նախարարությունն ունի անվտանգության որոշակի կանոններ, սակայն այս դեպքում դրանք ըստ հավուր պատշաճի չեն պահպանվել», - ասել են Շվեդիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Հատկանշական է, որ Անն Լինդեն ավելի քան տասը րոպե զրուցել է մարդկանց հետ, որոնք իրենց ներկայացրել են որպես ռուսական ընդդիմության ներկայացուցիչներ: Նրանք խոսել են Յուլիա Նավալնայայի՝ բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջ, և Նավալնիի շտաբի պետ Լեոնիդ Վոլկովի անունից:

Զրույցի ընթացքում Անն Լինդեն խոսել է Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող օգնության և մարդու իրավունքների խախտման հետևանքով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին: Նա հստակեցնում է, որ Շվեդիան կարող է ավելի շատ աջակցություն ցուցաբերել: Զրույցի տոնը դրական է, և զրուցակիցները մի քանի անգամ ծիծաղում են:

Կեղծ պատրվակներով պրանկերներն արդեն զանգահարել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Բորիս Ջոնսոնին, երբ նա դեռ արտգործնախարար էր, Լեհաստանի նախագահ Դուդային, Թուրքիայի նախագահ Էրդողանին և շատ ուրիշների: Այս տարվա սկզբին նրանք զանգահարել էին Կանադայի վարչապետ Թրյուդոյին:


 

 

 

 

 

Ռուս պրանկերները խաբել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին (տեսանյութ)