Հս. Կորեային սպառնում է սովի նոր ալիք. երկիրը սկսել է բանակի պարենային պաշարների բաշխումը բնակչությանը

16:42 • 03.08.21

Հյուսիսային Կորեան կազմակերպել է բանակի պարենային պաշարների բաշխում՝  երկրի բնակչության շրջանում հերթական սովից խուսափելու համար, հաղորդում է Associated Press-ը՝  վկայակոչելով Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը: 

Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝  սովի նոր ալիքը սպառնում է Հյուսիսային Կորեային՝  կորոնավիրուսային համավարակի, ինչպես նաև 2021 թվականին կլիմայի փոփոխության պատճառով: Երկրում  երաշտ էր և շոգ եղանակ, ինչը բացասաբար է անդրադարձել առանցքային գյուղատնտեսական մշակաբույսի` բրնձի աշնանային բերքի վրա:

Բացի այդ, շոգը և երաշտը ոչնչացրել են եգիպտացորենի բերքի զգալի մասը և հարվածել անասնապահական ոլորտին: Հարավկորեական հետախուզության տվյալներով՝  Փհենյանը սովի դեմ պայքարը դիտարկում է որպես «ազգի գոյության հարց»: 

Հարավային Կորեայի մասնավոր GS&J ինստիտուտի փորձագետ Կվոն Թա Ջզինը պնդում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսային Կորեան օգտագործում է բանակի բրնձի պաշարները սննդի վիճակը կայունացնելու համար, սակայն այս անգամ, փորձագետի կարծիքով, բանակի պաշարները կլինեն գործնականում սպառված:

Նախկինում երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն իր ելույթներում ակնարկել էր, որ Կորեայում կարող է սով սկսվել: